Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։
Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։
Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։
Ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը` 1200-1202, 70,5 × 55 սմ, 27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույց է (1434, 4 × 3 սմ, 19 գ)։


